National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.03.2024
«ՀՀ կրթության մինչեւ 2030 թ. զարգացման պետական ծրագրի» շրջանակում իրականացվել է նախատեսված ավելի քան 45 ռազմավարական ծրագիր
1 / 12

2023 թվականին հաստատվել է ««ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը՝ կրթության բոլոր մակարդակներում հստակ թիրախներով եւ ժամանակացույցով: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածները: Նախարարը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարում իրականացված աշխատանքները, պատասխանել պատգամավորների  բազմաբնույթ հարցերին,  տվել պարզաբանումներ:

Մասնավորապես՝ «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» շրջանակում իրականացվել է նախատեսված ավելի քան 45 ռազմավարական ծրագիր: Սեպտեմբերից բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր պետական չափորոշիչը. պարտադիր են դարձել նախագծային ուսուցումը, խմբակներն ու հետազոտական աշխատանքը: Տարրական դասարաններում միավորային գնահատում այլեւս չի իրականացվում, հանվել է անբավարար գնահատականային շեմը, ներդրվել է պարտադիր երկարօրյա ուսուցում ցածր առաջադիմությամբ աշակերտների համար: Մարզերի եւ Երեւանի 293 դպրոցներ ընդգրկվել են մինչեւ 2026 թվականի 300 դպրոցների վերակառուցման, կառուցման, հիմնանորոգման եւ նոր գույքով ամբողջական հագեցման ծրագրի ցանկում: ՏՀՏ եւ բնագիտական լաբորատորիաներ են ստեղծվել Արմավիրի մարզի 88 եւ այլ մարզերի ու Երեւանի 12 նորակառույց դպրոցներում:

«Ուսուցիչների տարակարգի մեխանիզմը կապակցվել է ուսուցչի դասավանդման հմտություններին: Նոր մեխանիզմով տարակարգ է ստացել 101 մանկավարժ, այդ թվում՝ առաջին անգամ ամենաբարձր՝ 50 տոկոս հավելավճարով»,- նշել է ԿԳՄՍ նախարարն ու հավելել՝ տարակարգի եւ կամավոր ատեստավորման համակարգերի միջոցով առկա են 400.000-ից մինչեւ 600.000 ՀՀ դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ: 400.000 ՀՀ դրամ եւ ավելի աշխատավարձ է արդեն ստանում շուրջ 220 ուսուցիչ:

Սեպտեմբերից 25 տոկոսով բարձրացել է բնագիտական առարկաների եւ ինֆորմատիկայի ուսուցիչների աշխատավարձը. ծրագրի շահառու է 8420 ուսուցիչ՝ աշխատավարձի շուրջ 32.000 դրամ աճով: Սեպտեմբերից բարձրացել է նաեւ մինչեւ 100 սովորող ունեցող 64 գյուղական դպրոցների շուրջ 3000 ուսուցչի վարձատրությունը, ում դրույքաչափն ավելացել է՝ միջինում 71.700 դրամից հասնելով 115.300  դրամի:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացի աշխատանքները: Շարունակվում է 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման ծրագիրը: 145 հաստատությունում շինարարական աշխատանքներն ավարտվել են, 90-ում՝ ընթացքի մեջ են:

Ավագ դասարաններում փորձնական կարգով ներդրվել է կրեդիտային համակարգը, որի շրջանակում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից: Առաջին անգամ ընդունելության քննություններն անցկացվել են երկու փուլով, ինչի արդյունքում  նվազել է դիմորդների քննական սթրեսն ու լարվածությունը, ինչպես նաեւ նրանք հնարավորություն են ստացել լավագույն կերպով դրսեւորել իրենց կարողությունները:

Մշակվել եւ հաստատվել է «Ակադեմիական քաղաք»  ծրագրի հայեցակարգը: Գերմանական ճարտարապետական ընկերության կողմից մեկնարկել են գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Քննարկվում են նաեւ դեպի այդ քաղաք հասնելու տրանսպորտային ուղիները:

Գիտության ոլորտում 2023 թվականին մշակվել եւ ներդրվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգ, որով սահմանվել են որակական եւ քանակական նոր պահանջներ՝ համադրելի միջազգային չափորոշիչների հետ:

Վերոնշյալ ոլորտի ֆինանսավորումը՝ ներառյալ ռազմարդյունաբերությունը, կազմել է շուրջ 36 մլրդ դրամ, ինչը 2022 թվականի ֆինանսավորման չափից ավելի է 6,2 մլրդ դրամով կամ 20,8 տոկոսով: 2018 թվականի 14,3 մլրդ դրամի համեմատ 2024 թվականին ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 25,9 մլրդ դրամով կամ շուրջ 2,8 անգամ: Շարունակվել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը:

Անդրադառնալով սպորտի ոլորտի ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ 2023 թվականին Հայաստանի մարզիկները նվաճել են 445 մեդալ՝ 125 ոսկե, 127 արծաթե եւ 193 բրոնզե: 2022 թվականի ցուցանիշից սա ավելի է 44,9 տոկոսով: Մեդալներից 25-ը նվաճել են կանայք:

Մշակույթի ոլորտում իրականացվել է 18 կրթամշակութային ծրագիր:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am